Բաքվի մահմեդականները

Բաքուն իր պատմության գրեթե բոլոր փուլերում բնակեցված է եղել տարբեր ազգությունների և դավանանքի ներկայացուցիչներով, որի մի ստվար հատվածը կազմել են մահմեդականները` պարսիկները, թաթերը, կովկասյան թյուրքերը և այլոք: Գիտականորեն ապացուցված է, որ XI-XVII դդ. ընթացքում Արևելյան Անդրկովկաս` ներառյալ նաև Բաքու ներթափանցած թյուրքալեզու տարբեր ցեղերը մինչև XX  դարի սկիզբը անվանվել են տարբեր ցեղանուններով` փադարներ, շահսևաններ, ջինլիներ, ջուանշիրներ, թյուրքեր, թաթարներ, կովկասյան թյուրքեր և այլն: Նախքան այս ցեղերի հայտնվելը, ժամանակակից Ադրբեջանի տարածքն արաբական արշավանքների հետևանքով հիմնականում իսլամացվել էր, առաջացել էին մի շարք մահմեդական ֆեոդալական կազմավորումներ, որոնց թվում նաև Շիրվանշահերի  պետությունը` Բաքու կենտրոնով: Բաքվում բնակվող կովկասյան թաթարների կամ մուսուլմանների մասին 1870թ. ռուս կովկասագետ Ն. Զեյդլիցը գրում է. «Բաքվի նահանգի թաթարները ծագում են զանազան թուրքական ցեղերից, որոնք այս երկրամաս են տեղափոխվել սելջուկների, մոնղոլների, ակկոյունլու և կարակոյունլու, թուրքմենական ցեղերի և սեֆյանների ասպատակությունների ընթացքում: Այդ ցեղաղմբերը, միախառնվելով երկրամասի տեղաբնակների հետ, ինչպես Արևելյան Անդրկովկասում, այնպես էլ Պարսկաստանի հյուսիսային մասում կազմավորեցին թյուրք լեզու` թուրքերենի (օսմանյան թուրքերի), կումիկերենի, նողայերենի և ջաղաթայերենի միջինը»:

«Կովկասյան օրացույցը» 1907թ. գրում է. «Բաքվում, ինչպես նաև առհասարակ Բաքվի նահանգում գերակշռողը Ատրպատականի թաթարներն են: Նրանք պատկանում են մոնղոլական ռասային և թյուրքական սերնդին, խոսում են պարսից լեզվի ազդեցությանը ենթարկված բարբառով»:

1850թ. Բաքու այցելած Սարգիս արքեպիսկոպոս Ջալալյանցի վկայությամբ. «Բնակիչք են Պարսիկք ընդ որս և Հայք, ավելի քան զհարիւր հիսուն տունս»: 1860թ. քաղաքն ուներ 2544 տուն` 13300 բնակչով, որից ըստ դավանանքի` հայ առաքելականներ` 589, մահմեդականներ` 11076, ուղղափառներ 1635: Բաքու քաղաքի 1889թ. էթնոժողովրդագրության վերաբերյալ տվյալներ է պարունակում Թիֆլիսում հրատարված «Բաքուն և նրա շրջակայքը» գրքույկը: Քաղաքի բնակչության ընդհանուր թիվը կազմում էր 92600, որից ըստ դավանանքի` շիա մահմեդականները` 39508 (գլխավորապես թաթեր)…»: Բաքվի շիա մահմեդական բնակչության գերակշռող մասը իրանական ծագում ունեցող թաթերն են եղել, որոնք կազմել են ամբողջ բնակչության 3/4-ը և խոսել են ոչ թե թյուրքերենով, այլ նոր պարսկերենով, իսկ բնակչության 1/4-ը կազմել են թաթարները: Այսպիսով, 39508 շիա մահմեդականներից 29631-ը կազմում էին թաթերը, իսկ 9877-ը` ունեին թյուրքական ծագում: Եթե հաշվի առնենք գրքույկում հիշատակվող այն փաստը, որ թաթարների մի մասն էլ «մինչև այժմ իրենց անվանում են մողալներ, այն է` մոնղոլներ», ապա 1889թ. դրությամբ ներկայիս Ադրբեջանի մայրաքաղաքում բնակվում էր մոտ 7000 կովկասյան թաթար, որոնք կազմում էին ընդհանուր բնակչության 7-8%-ը: Այստեղից ակնհայտ է դառնում, որ XIX դարի 80-ական թվականների վերջերին Բաքվում թաթերից հետո երկրորդ տեղը զբաղեցնում էին հայերը: 1897թ. հունվարի 28-ի մարդահամարի տվյալներով Բաքուն ուներ 111904 ազգաբնակչություն, որից մահմեդակնները` թաթերը, կովկասյան թաթարները, պարսիկները կազմում էին 39,9%: 

Բաքվի պատմության հետագա շրջանում, ներառյալ խորհրդային ողջ ժամանակահատվածը, քրիստոնյաների և մահմեդականների հարաբերակցությունն էականորեն չի տարբերվել, ինչի մասին վկայում են անցկացված մարդահամարի տվյալները: Պատկերը փոխվեց 1988-1990թթ. Բաքվից քրիստոնյաների, մասնավորապես հայերի և ռուսախոս բնակչության բռնագաղթից հետո, որի արդյունքում Բաքվի բնակչության ճնշող մեծամասնությունը ներկայումս կազմում են ադրբեջանցիները: