Բաքվի 1918թ.-ի ինքնապաշտպանությունը

Թուրքական զորքերը Անդրկովկաս ներխուժելով` հիմնական խնդիրը համարեցին նավթով հարուստ Բաքու քաղաքին և նավթարդյունաբերական համալիրին տիրանալը: Գյանջայում կենտրոնացնելով երկու դիվիզիաներ, որոնց միացել էին տեղի կովկասյան թաթարների անկանոն զորախմբերը, թուրքական ուժերը շարժվեցին Բաքվի ուղղությամբ, ուր հաստատվել էր խորհրդային իշխանություն` ի դեմս Բաքվի կոմունայի, որի գլուխ կանգնած էր Ստեփան Շահումյանը: 

Հունիսի 15-ին թուրքական զորքերը սկսեցին պլանավորված առաջխաղացումը Բաքվի ուղղությամբ: Տալով զգալի կորուստներ, հուլիսի 31-ին թուրք-ադրբեջանական ուժերը գրավեցին Սումգայիթը:

Թուրքական 9-րդ և 15-րդ դիվիզիաները Նուրի փաշայի գլխավորությամբ մարտի բռնվելով Կոմունային զորքերի հետ և մեծ կորուստների գնով աստիճանաբար մոտեցան Բաքվի մատույցներին: Ի դեպ, սեփական կորուստները տեղի մահմեդականներից համալրելու նպատակով օսմանյան հրամանատարները կիրառեցին նաև բռնություններ: Ընդհանուր առմամբ, Բաքվի գրավման օպերացիային մասնակցելուց հրաժարվելու համար թուրքական ուժերը կախաղան հանեցին շուրջ 600 կովկասյան թուրքերի:

Թուրքական կողմը նախատեսել էր օգոստոսի սկզբներին ընդհանուր գրոհով մտնել Բաքու, սակայն քաղաքի մատույցներում հանդիպեց հայկական ուժերի համառ դիմադրությանը: Օգոստոսի սկզբներին իրականացված գրոհի արդյունքում թուրքական զորքերը Սալյանի զորանոցների շրջանում և Խոջա-Հասանի հովտում ընդհանուր առմամբ կորցրեցին 2000 զինվոր և սպա: Թուրքական և ադրբեջանական զորքերի կորուստները զգալի էին նաև Բալաջարում մատույցներում տեղի ունեցած մարտերում:

Օգոստոսի 3-ին Բաքվի համար պաշտպանական մարտերում կորուստներ կրեց նաև հայկական կողմը: Զոհվեցին Սեբաստացի Մուրադը, վաշտի հրամանատար Սահակյանը, գումարտակի հրամանատար շտաբս-կապիտան Դովլաթովը: Շուտով հայկական ուժերին միացան նաև Իրանից Բաքու ժամանած Բիչերախովի ջոկատները և անգլիական սահմանափակ զինուժը` Դենստերվիլի գլխավորությամբ:

Ստանալով լուրջ համալրում, սեպտեմբերի 15-ին, կոտրելով հայկական զորամիավորումների և նրանց դաշնակիցների դիմադրությունը, թուրք-ադրբեջանական ուժերը երկու ուղղությամբ ներխուժեցին Բաքու: Քաղաքը հանձնվեց թուրք զինվորների ու ադրբեջանական հրոսակախմբերի թալանին ու կոտորածին: Երեք օր տևած ջարդերին զոհ գնացին շուրջ 10 հազար բաքվեցի հայեր:

Բաքվի պաշտպանությունը նշանակալից էր առնվազ երկու առումով. նախ այն հնարավորություն տվեց քաղաքի հայ և մյուս քրիստոնյա բնակչության զգալի մասին լքելու քաղաքը, և այսպիսով, փրկվել վերահաս թուրք-ադրբեջանական կոտորածներից: Եվ վերջապես, Բաքվի երկուսուկես ամիս տևած պաշտպանությունն իր անդրադարձն ունեցավ նաև Առաջին աշխարհամարտի ընդհանուր ելքի վրա, քանի որ այն ճակատագրական հանդիսացավ թուրքական և գերմանական բանակները ստրատեգիական հումքով` նավթով մատակարարելու գործում: Դժվար է ասել թե ինչով կվերջանար 1918թ. ամռանը Արևմտյան ճակատում գերմանական զորքերի ձեռնարկած համընդհանուր գրոհը Փարիզի ուղղությամբ, եթե գերմանական տանկերի համար խիստ անհրաժեշտ վառելանյութը մատակարարվեր հենց Բաքվի նավթից: 

Այսպիսով Բաքու քաղաքի հերոսական պաշտպանությունը ևս մեկ փառավոր էջ գրանցեց հայկական ռազմական պատմության մեջ: