Հայերը Բաքվում

Բաքվում հայերի բնակության մասին վկայությունները պահպանվել են հնագույն ժամանակներից: Հայերի թիվը ավելի է ստվարացել ու նրանք տարածաշրջանում ակտիվ գործունեություն են ծավալել 19-րդ դարի կեսերից: 1851թ. 7431 բնակիչ ունեցող Բաքվում հայերի թիվը կազմել է 405 մարդ: 1859թ. նահանգային կենտրոնը Բաքու տեղափոխելը մեծ խթան եղավ քաղաքի զարգացման ու բնակչության աճի համար: 19-րդ դարի 70-80-ական թվականներից հայերի մեծ ներհոսք է սկսվում`  նավթի ավելի ակտիվ արդյունահանման հետ կապված: 1897թ. մարդահամարի տվյալներով Բաքվի բնակչության ընդհանուր թիվը 111.904 էր, որից հայ` 19.099:  Հայերն ապրել են առանձին թաղամասերում ու քաղաքի մերձակա բնակավայրերում: 

Բաքվում հայերը ծավալել են մշակութային և հասարակական լայն գործունեություն: Հիմնվել են մարդասիրական ընկերություններ, որոնք կազմակերպել են տեղի հայ բնակչության մշակութային ու հասարակական կյանքը: Մարդասիրական ընկերությունների գործունեությունը դարձել է Բաքվի հայության կազմակերպման, ազգային ինքնավարության մի յուրատեսակ ձև: 

1863-69թթ. Բաքվում կառուցվել է Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Այն մի քանի անգամ նորոգվել ու վերակառուցվել է: Եկեղեցուն կից պահպանվել էին 18-19-րդ. հայերեն արձանագրություններով տապանաքարեր: Խորհրդային իշխանությունների տարիներին այն միակ գործող հայկական եկեղեցին էր ողջ Ադրբեջանի տարածքում: 1895թ. օծվեց Բաքվի հայկական գերեզմանատան Ս. Հովհաննես Մկրտիչ մատուռ-եկեղեցին: 1911թ. Բաքվի հայության միջոցներով կառուցվեց նաև Ս. Թադևոս  և Բարդուղիմեոս եկեղեցին: 1930-ական թվականներին այն քանդվեց, իսկ տեղում կառուցեց Բաքվի ներկայիս կոնսերվատորիայի շենքը: Հայկաշենում մինչև 1920-ական թթ. գործել է Ս. Թարգմանչաց եկեղեցին: 

Բաքվի առաջին հայկական դպրոցը բացվել է 1860թ.` Ա. Տեր-Ղևոնդյանի ջանքերով: Քաղաքում գործել է նաև Բաքվի Մեսրոպյան երկդասյան արական և Հռիփսիմյան օրիորդաց միջնակարգ դպրոցները: 1894թ. Բաքվի Ս. Աստվածածին եկեղեցուն կից բացվել է երկրորդ օրիորդաց դպրոցը: 1930-50-ական թթ. Բաքվում գործել են 80 հայկական միջնակարգ դպրոցներ, մանկավարժական տեխնիկում, հայկական ֆակուլտետներ` Բաքվի համալսարանում ու մակավարժական ինստիտուտում: Վերջին հայկական ուսումնական հաստատությունը /դպրոց/  Բաքվում փակվել է 1983թ.: 

Հայերը լայն մասնակցություն են ունեցել նաև քաղաքի կառավարչական պաշտոններում: 1840-ական թվականների կեսերին Բաքվի քաղաքագլուխն էր Պավել Փարսադանի Արղությանը, ով հետագայում` 1849-50թթ. Շամախիի գավառային վարչությունում աշխատել է երդվյալ-ատենակալ: Քաղաքագլուխ Ստանիսլավ Դեսպոտ-Զենովիչի 1885-1895թթ. կառավարման տարիներին Բաքվի քաղաքային վարչության անդամ և քաղաքագլխի տեղապահն էր «Մարդասիրական ընկերության» նախագահ Քր. Անտոնյանը: 1853թ. Բաքվի գավառի դատախազը, հետագայում գավառական պետը Բ. Լազարյանն էր: Բաքվի հասարակական ժողովը ղեկավարող Ավագների խորհուրդի 17 անդամներից 13-ը հայեր էին, իսկ նախագահն էր Գ. Ծովիանյանը: Հավելենք նաև, որ օտար երկրները, որոնք հետաքրքրություններ ունեին Բաքվում, իրենց ներկայացուցիչներ էին նշանակում հայերին. 1908թ. Բելգիայի հյուպատոսն էր Ն. Այվազյանը, Իտալիայի հյուպատոսը` Վ. Մութաֆյանը: Հայեր էին նաև ռուսական և եվրոպական ամենատարբեր ֆիրմաների լիազոր-ներկայացուցիչները: 

Համայնքի ներքին ազգային հարցերն այլ կազմակերպությունների  հետ  տնօրինել է Հայոց ազգային խորհուրդը /կազմալուծվել է 1920թ./: 1917թ. Ռուսաստանում Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո` հոկտեմբերի 31-ին` Բաքվում հռչակվել է խորհրդային  իշխանություն: 1918թ. ապրիլին կազմավորել է Բաքվի ժողովրդական կոմիսարների խորհուրդ` Ս. Շահումյանի գլխավորությամբ: Ժողկոմխորհում բարձր պաշտոններ են զբաղեցրել նաև մի շարք այլ հայ գործիչներ. Գ. Ղորղանյանը` Զինվորական կոմիսար, Արտաշես Կարինյանը` լուսժողկոմխորհ և ուրիշներ: 

Խորհրդային իշխանության վարած քաղաքականությունը սկզբնական շրջանում երկրորդ պլան էր մղել ազգամիջյան հակասությունները: Բաքվի հայ համայնքը վերստին հնարավորություն է ունենում վերականգնելու իր ուժերը. բացվում  է հայկական պետական թատրոն, հրատարակվում են հայերեն պարբերականներ: Հայաբնակ թաղամասերում հիմնարկների, խանութների, արհեստանոցների ցուցանակները գրվել են հայերեն և ռուսերեն: Հետագա տարիներին Ադրբեջանի վարած ուծացման քաղաքականության հետևանքով 1950-ական թթ. հայ ազգային կյանքն անկում է ապրում: Դադարել են գործել հայկական կազմակերպությունները, փակվել է հայկական թատրոնը, հայ երեխաները սովորել են ռուսական դպրոցներում: 

1970թ. տվյալներով Բաքվի 1.27 մլն բնակչությունից ավելի քան 200 հազարը հայ էր: 1980-ական թթ. վերջին` շուրջ 300 հազար: 1990թ. հունվարի 13-19-ին Բաքվում կազմակերպված հայերի ջարդերից հետո դարավոր ավանդույթներ ունեցող Բաքվի հայ համայնքը դադարում է գոյություն ունենալ: 

Լիովին զրկված լինելով անվտանգության երաշխիքներից, հայտնվելով նոր ջարդերի իրագործման վտանգի առջև, թողնելով իրենց ողջ ունեցվածքը` քաղաքի հայ բնակչությունը լքեց Բաքուն` հայտնվելով փախստականի կարգավիճակում:  Ներկայումս Բաքվում բնակվում են մի քանի հարյուր հայեր` հիմնականում կանայք, ովքեր կատարելապես իրավազուրկ են և թաքցնում են իրենց ինքնությունը: